Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Սա ջունգլիների տրամաբանություն է․ ով կարողունակ է՝ նա արտոնյալ է»․ Արթուր Սաքունցը՝ կարճատ ժամկետով ծառայության նախագծի մասին

May 27, 2025

Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին | Հրապարակումներ

Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու նախագծի քննարկումն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հետաձգվեց։ Կառավարությունն օրեր առաջ էր հավանություն տվել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին՝ որոշ փոփոխություններով։

 

Ըստ նախագծի՝ 1 ամիս ժամկետով ծառայության համար սահմանվում է 24 միլիոն դրամ, 4 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 18 միլիոն դրամ։ Նախագիծը քննադատության լայն ալիք է բարձրացրել, ՄԻՊ Անահիտ Մանասյանը ևս խնդրահարույց է համարել այն։

 

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կոչ է անում ուշադրություն դարձնել նախագծի հիմնավորումներին։ Factor TV-ի հետ զրույցում ընդգծեց՝ նախագծով առաջարկվում է պարզապես վճարով ազատվելու մեխանիզմ առանց տարիներ շարունակ արմատացած խնդիրների իրական պատճառները հասկանալու կամ վերացնելու։

 

«Նախագծի հեղինակը նշում է, որ վերջին 10 տարիներին պարտադիր զինվորական ծառայության ենթակա 100-ից միայն 30-40 հոգին է զորակոչվում, ու որպես դրան նպաստող գործոններ նշվում են մինչև 18 տարին լրանալը քաղաքացիությունից հրաժարվելը, բուժման, ուսման կամ այլ պատրվակով մինչև 27 կամ 30 տարին լրանալը ՀՀ չվերադառնալը, ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների թղթերի պատրաստումը։ Եթե դիտարկենք այս խնդիրները, որոնց պատճառով հիմնավորվում է, թե ինչու է զորակոչիկների թիվն ավելի քիչ, քան զորակոչի ենթակաների թիվը, պետք է մեկ առ մեկ վերլուծել այս խնդիրները։ Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց առաջարկում են գումար վճարել, բայց արդյոք վերլուծել են մինչև 18 տարին լրանալը քաղաքացիությունից հրաժարվելու բոլոր պատճառները»,- նշում է Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը խորը սոցիալական անարդարության դրսևորում է, քանի որ ստեղծում է իրավիճակ, երբ կարողության դեպքում հնարավոր կլինի հրաժարվել ոչ միայն երկու տարվա ծառայությունից, այլև երկրի քաղաքացիությունից։

 

«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացնելիս պետք է վճարեն 15 միլիոն դրամ։ Արդյոք այս 15 միլիոն դրամը «փրկություն» կհանդիսանա․ պատճառը պետք է տեսնել նախ ԶՈՒ-ում ծառայության պայմանների, զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակի մեջ։ Եվ, փոխարենը, ջանքեր գործադրվեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ, այնպիսի միջոց են առաջարկում, որ քաղաքացիությունից հրաժարվելը թանկ արժենա։ Շատ մտահոգիչ է, որ հրաժարվում են ԶՈՒ-ն գրավիչ դարձնելուց։ Բացի այդ, ո՞ր ծնողը, որը նպատակ ունի իր երեխային քաղաքացիությունից ազատել, չի կարող ամսական 70 հազար դրամ հավաքել»,- ասում է իրավապաշտպանը։

 

Սաքունցն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ նախագիծը շոշափում է կոռուպցիոն բաղադրիչներ, քանի որ հիմնավորման մեջ նշված «ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների թղթեր պատրաստելու» մասին ձևակերպումը, նշանակում է՝ հաստատվում է, որ հնարավոր է կեղծ ախտորոշումներ ստանալ։

 

«Սա ինքնին խոսում է կոռուպցիոն հանցագործության մասին, որը լուրջ մեղադրանք է։ Փաստորեն, բժշկական ծառայությունում կարող են ոչ օբյեկտիվ ախտորոշումներ արձանագրել, և պարզ է, որ դա գումարի դիմաց է լինում։ Հանցագործությունների դեմ պայքարի նպատակով պատիժների խստացումը երբեք չի բերել այդ հանցագործությունների նվազեցմանը։ Այսինքն՝ առաջարկվում է հնարավորություն տալ վճարել գումար ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Սա ամենաանարդյունավետ մոտեցումներից է։ Մարդիկ նույնիսկ կարող են վարկ վերցնել, պարտք անել, միայն թե իրենց երեխաները չծառայեն․ դրա համար 18 տարին բավական երկար ժամաանակ է»,- ընդգծում է Սաքունցը։

 

Իրավապաշտպանը նաև շեշտում է՝ նախաձեռնությունը վտանգավոր է նաև քաղաքացիության ինստիտուտի տեսանկյունից։ Նրա կարծիքով՝ եթե այս նախագիծն ընդունվի, ապա կունենանք ՀՀ-ում բնակվող մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացի չեն լինի։

 

«Սա հանգեցնում է, որ Հայաստանում սոցիալական բևեռացվածությունն ու շերտավորումը մնալու են մեր հասարակության որպես բնութագրիչ ցուցանիշներից մեկը, բայց մյուս ձեռքով էլ կոչ ես անում, որ ՀՀ բնակիչները պիտի բարեկեցիկ ապրեն։ Բայց դա խորը հակասության մեջ է մտնում այս կարգավորումների հետ։ Եվ այս դեպքում հարց է առաջանում՝ հավաքագրված գումարը ո՞ւմ է տրվելու, պայմանագրայիններ էլ չեն լինի։ «Սա հանգեցնում է նրան, որ սոցիալական բևեռացվածությունն ու շերտավորումը շարունակելու են մնալ մեր հասարակության բնութագրող հատկանիշներից մեկը։ Միևնույն ժամանակ՝ իշխանություններն ասում են, թե ՀՀ քաղաքացիները պետք է ապրեն բարեկեցիկ։ Բայց այս կարգավորումները խոր հակասության մեջ են նման հայտարարությունների հետ։ Եվ այս դեպքում արդարացի հարց է ծագում՝ հավաքագրվող գումարներն ո՞ւր են ուղղվելու, պայմանագրային զինծառայողներ էլ չեն լինելի»,- նկատում է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը։

 

Արթուր Սաքունցն ընդգծում է՝ այս խնդիրները լուծելու համար առաջնահերթ պետք է կենտրոնանալ Զինված ուժերում կանոնադրային հարաբերությունների պահպանման, զինծառայողների իրավունքների պաշտպանության ու զինծառայության գրավչության բարձրացման վրա։

 

«Շատ կարևոր է նաև պետության պաշտպանության հարցը։ Այստեղ պետք է դրվի հիմնական շեշտադրումը։ Օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի ապահովումը զինծառայության տեսանկյունից պետք է կարողանալ երաշխավորել, որպեսզի ունևոր կամ ֆինանսապես ապահովված քաղաքացիները գումարի դիմաց չծառայեն, իսկ չունևորները պարտադրված գնան ծառայության։ Սա հենց այն մոտեցումն է, որը հանգեցնում է սոցիալական անարդարության և ընկած է այս նախագծի հիմքում»,- ընդգծում է իրավապաշտպանը։

 

Նրա խոսքով՝ նման մեխանիզմները ոչ միայն չեն նպաստելու Զինված ուժերի գրավչության բարձրացմանը կամ վստահության ամրապնդմանը, այլև հակառակը՝ խարխլելու են հանրային ընկալումն ու պետական ինստիտուտների հեղինակությունը։

 

«Այս ճանապարհով երկրի անվտանգության ապահովման կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ Զինված ուժերը, չի կարող բարեփոխվել։ Ես սա ասում եմ՝ ելնելով այն հիմնավորումներից, որոնք ներկայացվել են նախագծում»,- նշում է Սաքունցը։

 

Իրավապաշտպանը մի շարք հարցեր է բարձրացնում այն անձանց վերաբերյալ, որոնք կօգտվեն առաջարկվող օրենսդրական փոփոխությունից։

 

«ԶՈՒ-ից այս ճանապարհով հրաժարվածներն ի՞նչ են անելու ՀՀ-ում։ Արդյոք արգելելո՞ւ են նրանց պետական պաշտոններ զբաղեցնել։ Եթե բոլորը գումարով ազատվեն քաղաքացիությունից, ապա ո՞վքեր են ղեկավարելու պետական համակարգը։ Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները»,- շեշտում է նա։

 

Սաքունցը վտանգավոր է համարում առաջարկվող նախագիծը, որը, ըստ նրա, սոցիալական խտրականության մոդել է․ իրավապաշտպանը սա համեմատում է «ջունգլիների տրամաբանության» հետ։

 

«Ով կարողունակ է՝ նա արտոնյալ է։ Սրա մեջ է ամբողջ խնդիրը։ Սա չի կարող ձևավորել սոցիալական համերաշխության մթնոլորտ, հատկապես երբ ՀՀ իրականության մեջ մենք նման տենդենց արդեն ունենք։ Սա քաղաքացիության ինստիտուտի դեմ ուղղված քայլ է»,- եզրափակում է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը։

 

Արփի Հակոբյան

Հոդվածը՝՝ © factor.am

Դիտումներ՝ 17

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????